Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոչ «դիլխոր» դեմքով բացատրեք

Ոչ «դիլխոր» դեմքով բացատրեք
23.10.2017 | 22:05

Պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի Հայաստանում կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 24 միլիոն դոլար: Տպավորիչ թիվ է առաջին հայացքից, բայց երբ հասկանում ես, որ դրանում ներառված են նաև վարկերը, նախկին ոգևորությունը մարում է: Իսկ որ ավելի ենք խորանում ու հասկանում, որ այդ ներդրումներն իրական կյանքում տեսանելի չեն, ջուրն է ընկնում կառավարության այդ «զգլխիչ» թիվը:


Ենթադրենք, որ իսկապես այդքան ներդրում եղել է, շարքային քաղաքացին իրավունք ունի, չէ՞, հարցնելու` այդ գումարներն ու՞ր են, որ իր առօրյա կյանքում ոչ մի փոփոխություն չի եղել: Բայց փոխարենը կլսի կառավարության հոխորտանքը` խոստացել էինք 800 մլն ներդրում, ստացաք 1 միլիարդ 24 միլիոն դոլարի: Դժգո՞հ եք: Չէ, գոհ ենք, բայց ասեք, իմանանք, թե ինչի համար գոհ լինենք: Մարդկանց կենսամակարդակը նույնն է, վճարունակությունը ևս, աշխատանք շատերը կորցրին, ոչ թե ստացան, արտագաղթն էլ շարունակում է թիվ մեկ սպառնալիքը լինել: Հիմա այսքանից հետո ասեք, տեսնենք, թե 1 միլիարդ 24 միլիոն դոլարն ինչի համար է ծախսվել:


Լավ, էլի կհամակերպվենք, որ ասեն, թե կեսը գնացել է ՊՆ-ին, դե, մենք պատերազմող երկիր ենք, սովոր ենք այդ արդարացմանը, լուռ կընդունենք, նույնիսկ եթե դրա կեսը սուտ լինի: Բայց հասարակությանը ոչ «դիլխոր» դեմքով, ինչպես կասեր վարչապետը, մատչելի ու առանց տնտեսական «ոլոր-մոլոր» ճանապարհների բացատրեք, եթե այդքան գումար մեկ տարում երկիր է մտել, ինչու՞ չի երևում:


Ի վերջո, 1 միլիարդ 24 միլիոն դոլարը քիչ գումար չէ, և եթե իսկապես այդքան գումար ներարկվեր տնտեսության մեջ, հաստատապես փոփոխությունը զգալի կլիներ: Իսկ թե ինչ մեթոդոլոգիայով կարող է կառավարությունը հաստատել իր բերած թիվը, միայն իրեն է հայտնի, փաստն այն է, որ իրականության մեջ այդ ներդրումները չեն երևում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ